Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ռեքս Թիլերսոնը Մոսկվայում էր՝ ուլտիմատում չեղավ, իսկ ի՞նչ եղավ

Ռեքս Թիլերսոնը Մոսկվայում էր՝ ուլտիմատում չեղավ, իսկ ի՞նչ եղավ
13.04.2017 | 15:43

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցը Մոսկվա գործնականում ավարտվեց: Մեկ օրում նա հանդիպեց ՌԴ նախագահի ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ոչ բոլոր հարցերով նրանց հաջողվեց պայմանավորվել: Սիրիական երկու կարևոր խնդիրներում Թիլերսոնի ու Լավրովի գնահատականները խիստ տարերվում են, այնուհանդերձ՝ այդ թեմաները քննարկելիս նրանք խուսափեցին կոշտ ձևակերպումներից: ԱՄՆ պետքարտուղարը վստահ է, որ Բաշար Ասադը պետք է հեռանա. «Արդյունքը չի նախատեսում Ասադի դերակատարում Սիրիայի պետական կառավարման մեջ»: Թիլերսոնը պնդում է, որ Ասադը պետք է հեռանա կազմակերպված. «Կարևոր է, որ հասարակությունը, որ նա ներկայացնում է, բանակցությունների սեղանի շուրջ հայտնվի»:

Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանն ընդհանրապես որևէ անձի վրա շեշտը չի դնում. «Ոչ Ասադի, ոչ որևէ մեկի, սիրիացիները պետք է նստեն ու պայմանավորվեն»: Առավել մեծ տարբերություններ կան քիմիական զենքի կիրառման հարցում: Թիլերսոնը միանշանակ հայտարարեց, որ քիմիական զենքը կիրառել է Բաշար Ասադի վարչակազմը: Ռուսաստանը պահանջեց ապացույցներ: «Անարդյունավետ ենք համարում ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ընդունել, որը վերաբերում է ոչ այնքան հետաքննությանը, որքան մեղադրանքների լեգիտիմացմանը, որ ապրիորի հնչում են Դամասկոսի հասցեին: Մենք ունենք այլ փաստեր, մենք չենք փորձում ոչ մեկին պարտադրել, մենք ուզում ենք օբյեկտիվ հետաքննություն»՝ եզրափակեց Սերգեյ Լավրովը:


Կողմերը պայմանավորվեցին որոշ փոխգործակցության շուրջ: Առավել նկատելի պետք է դառնա աշխատանքային խմբի ստեղծումը ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունների կայունացման համար: «Մենք պետք է կասեցնենք մեր հարաբերությունների հետընթացը, պետք է վերականգնենք վստահությունը, որ լուծենք մեզ համար կարևոր հարցերը: Մենք պայմանավորվել ենք աշխատանքային խումբ ստեղծել այն հարցերը լուծելու համար, որ իրավիճակի կայունացման անհապաղ լուծումներ են պահանջում»՝ հայտարարեց Ռեքս Թիլերսոնը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ի ու ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչները «առանց հույզերի ու սրելու, մանրամասն» կորոշարկեն նյարդայնացնող հանգամանքները, որ, ինչպես կարծում է Ռուսաստանը, կուտակվել են վերջին տարիներին՝ Բարաք Օբամայի կառավարման շրջանում: Օբամայի կառավարումը Լավրովը հիշատակեց մի քանի անգամ: Նա որոշ խնդիրներ համեմատեց դանդաղ գործող ականների հետ, որ դրվել են ԱՄՆ նախորդ նախագահի օրոք: Լավրովը պատմեց միջադեպերի կանխման և Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հուշագրի գործունեության վերականգնման հեռանկարների մասին. «Նախագահ Պուտինը պատրաստակամ է վերադառնալ հուշագրին, եթե հաստատվի այդ հուշագրի կիրառման նպատակը՝ պայքարը ԻՊ-ի և մյուս ահաբեկիչների դեմ»: Պատասխանելով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցին՝ Ռեքս Թիլերսոնը հայտարարեց, որ հարցը բանակցություններում չի քննարկվել. «Պետքարտուղարն այսօր պատժամիջոցներով չսպառնաց: Նա ընդհանրապես այսօր չսպառնաց»՝ եզրափակեց Սերգեյ Լավրովը:


Նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամլո ասուլիսում չորեքշաբթի օրը հայտարարեց. «Ամեն ինչ լավ ստացվեց Մոսկվայում: Բանակցությունները գուցե ավելի հաջող էին, քան սպասվում էր»: Նա հավելեց, որ հիմա ԱՄՆ-ն ու ՌԴ-ն միմյանց հետ «ընդհանրապես չունեն»՝ «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում մենք հիմա պատմական նվազագույն կետում ենք»: «Պուտինը Ռուսաստանի նախագահն է: Ռուսաստանը ուժեղ երկիր է: Մենք շատ-շատ ուժեղ երկիր ենք»՝ հայտարարեց Թրամփը և հորորեց սպասել՝ հասկանալու համար ինչպես կձևավորվի համագործակցությունը: Նրա խոսքով՝ արդյունքներն արագ չեն երևա, բայց երկարաժամկետ հեռանկարները շատ ավելի կարևոր են, քան քաղաքական գործիչների խոսակցությունները:
BBC


Հ.Գ. Փաստորեն՝ ԱՄՆ պետքարտուղարի այցը Մոսկվա վկայեց, որ երկու գերտերությունները հարաբերությունները ավելի սրելու նպատակ չունեն: Սիրիայում քիմիական հարձակումը և ԱՄՆ-ի հրթիռակոծումը միջադեպ է, ոչ թե նոր ռազմավարություն: ԱՄՆ-ը մտադիր չէ Սիրիա զորքեր մտցնել կամ շարունակել հրթիռակոծումները: Դոմալդ Թրամփը հայտնվել էր բարդ իրավիճակում, եթե չարձագանքեր, վարկանիշն ավելի մեծ անկում էր գրանցելու, հրթիռակոծումից հետո նրա վարկանիշը բարձրացավ 15 %-ով: Փաստացի՝ փակուղուց դուրս գալու ցանկությունը արտահայտվեց աշխատանքային խմբի ստեղծումով, որի արդունավետությունը կախված կլինի Թրամփի ու Պուտինի ցուցումներից:
Այս օրերին ինչ հայտարարություններ էլ հնչեցին՝ ներառյալ ուլտիմատումները, Պուտինի ու Թրամփի հանդիպումը օրակարգից հանված չէ: Բայց ի՞նչ օրակարգ է հանդիպումն ունենալու՝ սա է գլխավոր հարցը: Սիրիայի հարցում տեսակետները տարբերվում են, միջուկային զենքի կրճատումը Ռուսաստանը մերժել է:


G 7-ի ու ԵՄ-ի տեսակետները կքննարկվեն ապրիլի 24-ին Ֆեդերիկա Մոգերինիի Մոսկվա այցի ժամանակ, Լուկկայում ԱԳ նախարարների հանդիպումը վկայեց, որ չկա միասնական տեսակետ Սիրիայի հարցում, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի՝ պատժամիջոցներ սահմանելու առաջարկին համաձայն չէին մի քանի երկրներ:
Ռուսաստանի համար հիմա առավել կարևորը տնտեսությունն է ու ԱՄՆ-ում դա գիտեն: Էներգակիրների գնից է կախված Ռուսաստանի տնտեսության վերականգնումը կամ անկումը՝ այս հարցն է համատեղ օրակարգում, նույնիսկ եթե չի բարձրաձայնվում: Դոնալդ Թրամփը հայտնվել է ծուղակում՝ մի կողմից պիտի Պուտինի հետ պայմանավորվի, մյուս կողմից՝ աջակցի ԵՄ գործընկերներին, որ պահանջում են «Գազպրոմի» մոնոպոլիայի վերացում: Ինչպե՞ս երկու տերությունները կականազերծեն փոխհարաբերությունների դաշտը, ընդառաջ կգնա՞ն միմյանց, թե՞ կխորացնեն տարաձայնությունները, մեկ հանդիպումով ու մի քանի հայտարարություններով չի որոշվում՝ քաղաքականությունը անընդհատ գործընթաց է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1285

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ